Կայքերի նախագծում, պատրաստում - Web-Working

Կայքի նախագծումը` կայք պատրաստելու գործընթացի կարևորագույն փուլերից մեկն է: Այն թույլ է տալիս պատասխանել 2 հիմնական հարցի՝ 

1. Ինչպես պետք է իրականացնել կայքի առջև դրված նպատակները:

2. Ինչպես պետք է աշխատի կայքը:

Հասկանալով հիմնական խնդիրները, որոնք իհարկե շատ կարող են լինել և չենք քննարկի ինչ-որ մի կոնկրետ խնդիր, սակայն կարելի է դիտարկել գործընթացը: 

Փուլ 1: Հավաքել տեղեկություններ 

Ինչպես կարելի էր ենթադրել, բոլոր փուլերն էլ կապված են մեկը մյուսի հետ: Քանի որ մեր մոտ առաջին փուլը դա տեղեկություն հավաքելն է, ապա պարզ է դառնում, որ հետագա քայլերի ուղղությունը կախված է այս փուլի արդյունքներից:Իհարկե ամբողջ ինֆորմացիան կարող եք ստանալ մի քանի օրում, բայց ինչպես հաճախ է պատահում, ընթացքում առաջանում է հարկ, պարզաբանելու այս կամ այն հարցի մանրամասները: Կարևորը ճիշտ հարցեր տալն է:
Առաջին: Իմացեք ինչպիսի նպատակներ պետք է իրականացնի տվյալ պրոեկտը, ինչ պետք է ստացվի վերջում: Շատ կարևոր է պարզել այդ նպատակների կարևորության աստիճանները, հասկանալ ամենակարևորը և ոչ այնքան կարևոր նպատակները: Կարող է թվալ,որ դա ակնհայտ է, բայց ոչ միշտ է երևում թե որ նպատակն է առաջնային և որը` երկրորդական:
Երկրորդ: Խնդրեք պրոեկտի հեղինակին, որ նա ավելի մանրամասն պատմի թե ինչ է մտածել: Մի՛ ընդհատեք, համբերատար լսեք: Ձեր առարկությունները և կարծիքը կարող եք ասել վերջում: Երբ մարդը ոգևորված է ինչ-որ գաղափարով, ապա նա կարող է խոսել ժամերով, դա նորմալ է: Պատմելուց հետո կարելի է գալ ընդհանուր հայտարարի և ամփոփել մի նախադասությամբ: Սակայն եթե ամեն ինչ պարզ չէ, պարզեք տեղում՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Երրորդ: Պարզեք, թե ինչ մրցակիցներ ունեն, ուղղակի կամ անուղղակի: Եթե լսում եք «Մրցակից չունեմ» , ապա ամենայն հավանականությամբ նա, կա՛մ շուկան չի ուսումնասիրել, կա՛մ օլիգարխ է: Ամենայն հավանականությամբ մրցակիցներ միշտ էլ կան, անգամ, եթե ձեր միտքը յուրահատուկ է, ապա գոնե անուղղակի մրցակիցներ գոյություն ունեն:
Չորրորդ: Ճշտե՛ք վերջնաժամկետը, ի՞նչ գումար է նախատեսել, պարզե՛ք ովքեր են որոշում կայացնող անձիք, մի խոսքով պարզեք բոլոր կազմակերպչական հարցերը: Առաջին փուլում հավաքած ինֆորմացիան կօգնի ձեզ հետագա աշխատանքի համար: Շատ կարևոր է հասկանալ բոլոր խնդիրները: Այստեղ սխալվելը ծանր հետևանքներ կարող է ունենալ:
Չենք մոռանում բոլոր հարցերի պատասխանը նշել թղթի վրա:
Փուլ 2: Պրոեկտի և հաճախորդի նպատակները
Ցանկացած պատվիրատու ունի հստակ նպատակներ: Մի մասը կուզենա կայքով գումար աշխատել, մի մասը կուզենա իր բիզնեսի շրջանակները լայնացնել կայքի շնորհիվ, կլինեն նաև, որ իրենց հոբբիի մասին են ուզում կիսվել: Բացի այդ պրոեկտը նույնպես կարող է ունենալ նպատակ, և կարող է այդ նպատակը չհամընկնի պատվիրատուի նպատակի հետ, այսպես կոչված նպատակների ծառ: Պատվիրատուի գլխավոր նպատակին հասնելու համար, պրոեկտը կարող է իրականացնել մի քանի փոքրիկ նպատակ, որոնց հասնելուց հետո միայն կունենանք պատվիրատուի գլխավոր նպատակի արդյունքը:
Ենթադրենք պատվիրատուն ցանկանում է ստեղծել եկամտաբեր բիզնես: Դա նշանակում է, որ նախագծողը պետք է հատուկ ուշադրություն դարձնի նախագծի բյուջեին, և հնարավորինս խուսափի սկզբնական մեծ ծախսերից, ասենք չներառի պրոեկտում տեսանյութերի առանձին բաժին:
Օրինակ
Պրոեկտ: Ստեղծել սոց. ցանց ընտանի կենդանի պահողների համար:
Պատվիրատուի նպատակ: Ստանալ շահույթ:
Պրոեկտի նպատակ:
1. Օգնել տնային կենդանու ընտրության հարցում:
2. Օգնել ընտանի կենդանիների խնդիրների լուծման հարցում:
3. Ստեղծել թեմատիկ խմբեր:
4. Ստեղծել ինֆորմացիայի որոշակի բազա տվյալ թեմատիկայից:
5. Ստեղծել միջավայր, որտեղ կիրականացվի թեմատիկ իրերի առք և վաճառք:
Փուլ 3: Նպատակային լսարան և կերպար:
Ըստ էության այս խնդիրը շատ կարևոր է, և կարիք է զգում խորը վերլուծության: Մենք պետք է հասկանանք թե ինչ լսարանի համար է պատրաստվում տվյալ պրոեկտը, ինչ նպատակներ ունի լուծելու այդ լսարանից յուրաքանչյուրը, և ինչպես նա իր հարցերի պատասխանը կգտնի տվյալ պրոեկտում:
Սկզբի համար պետք է կազմել նպատակային լսարանի ընդհանուր պատկերը, բաժանելով այն 4 խմբի, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր չափանիշները, ինչը կանդրադառնա պրոեկտի ֆունկցիոնալի և ինտերֆեյսի վրա:
Սոցիալական բնութագրերը: Սեռ, տարիք, կրթություն, եկամուտի աստիճան, զբաղմունքի տեսակ: Ինֆորմացիա, որը ձեզ թույլ կտա գցելու ճիշտ հիմք:
Հոգեբանական բնութագրերը: Ապրելակերպ, անհատի առանձնահատկությունները, բնավորության գծերը, համոզմունքները, արժեքային համակարգը: Ավելի կարևոր ինֆորմացիա քան առաջին խմբում էր:
Վարքագծի բնութագրերը: Առիթ գրանցվելու համար, որոնման օգուտը, կոնկուրենտների հաճախակի այցելություն, պատրաստ լինել անցում կատարելու մեկ ուրիշ կայք, վերաբերմունքը պրոեկտի նկատմամբ (եթե այն նոր չէ), հանդուրժողականություն այլ կայքերի նկատմամբ և այլն: Այստեղ չափանիշները բազմաթիվ են, պետք է հասկանալ ըստ պրոեկտի խնդիրների: Միևնույն ժամանակ նմանատիպ ինֆորմացիա հավաքելը բավականին դժվար է: Տվյալ ինֆորմացիային կարող է տիրապետել պատվիրատուն, եթե նախկինում ստեղծել է նմանատիպ պրոեկտ և այժմ ուղղակի թարմացնում է, կանկուրենտների մոտ, ովքեր բնականաբար մեզ հետ չեն կիսվի, կամ էլ պետք է հավաքենք կատարելով տարբեր տեսակի հարցումներ:
Աշխարհագրական բնութագրեր: Երկիր, քաղաք, մարզ: Հաշվի առնելով, որ մենք համացանցում ենք, այս խմբի չափանիշների մասին ինֆորմացիան կարող է այդքան էլ կարևոր չլինել, եթե, իհարկե, չենք կատարում ազգագրական ինչ-որ պատվեր, կամ՝ պետական: Տվյալ պարագայում այս խմբի ինֆորմացիան դառնում է հույժ կարևոր:
Պատկերացում կազմելով նպատակային լսարանի մասին, մենք կարող ենք անցնել կերպարի կերտմանը: Դա շատ հետաքրքիր հնարք է ապագա գործողությունները գեներացնելու համար:
Օրինակ՝ թեմատիկ սոց. ցանցում ՏՏ ոլորտի մասնագետների խմբում կարող են լինել՝ ցանցային ադմինիստրատոր, ծրագրավորող, ՏՏ կազմակերպության տնօրեն և այլն: Նախագծման խնդիրն է ստեղծել կայքի նպատակային լսարանի հիմնական խմբի ցուցակ, սկսած ամենամեծ խմբի օգտատերերից մինչև ամենափոքրը: Պետք չէ մոռանալ, որ բացի հասարակ օգտատերերից այդ ցուցակում կարող են լինել մեր աշխատակիցները, գործընկերները, գովազդատուները և այլ ոչ ակնհայտ օգտատերեր:
Յուրաքանչյուր խմբի համար մենք մտովի ստեղծում ենք տիպային հավաքական կերպար, որը շատ լավ կբնութագրի տվյալ խումբը: Ցանկացած նմանատիպ կերպար պետք է ունենա անուն, ազգանուն, սակայն չպետք է օգտագործել հայտնի մարդկանց անունները, կամ ծանոթ մարդու, որպեսզի ասոցացիա չառաջանա կերպարի և այդ մարդու միջև: Կերպարը պետք է նաև ունենա նկար կամ ավատար, տարիք, բնակության վայր, զբաղմունքի տեսակ, ընտանեկան կարգավիճակ, գործունեության կարճ նկարագիր, սովորություններ, խնդիրներ, կենսափորձ: Այսպիսով կերպարը ստեղծվել է, սակայն նմանատիպ կերպար պետք է ստեղծվի յուրաքանչյուր խմբի համար: Նախագծողի խնդիրն է մտնել այդ կերպարի մեջ, հասկանալ պրոեկտը ըստ կերպարի և գրել կոնկրետ կերպարի նախասիրությունները և հետաքրքրությունները կապված պրոեկտի հետ: Շատ գրել պետք չէ, 1000 նիշը ավելին քան բավարար է:
Նպատակային լսարանին լիարժեք հասկանալու համար, երբեմն հարցազրույց են վերցնում պատահական մեկից, ով ընդհանուր առմամբ տեղավորվում է նպատակային լսարանի շրջանակներում: Բայց դա արդեն մարքեթինգային խնդիր է:
Փուլ 4:Մրցակիցների հետազոտություն:
Որպեսզի մենք կարողանանք ստեղծել որակյալ պրոեկտ, մենք պետք է իմանանք կոնկուրենտների մասին ամեն ինչ, հաշվի առնել նրանց թույլ կողմերը, ուշադրություն դարձնենք ուժեղ կողմերին, հասկանանք ի՞նչ եղանակով կարելի է նրանցից առաջ անցնել, և դնել մեր առջև կոնկրետ նպատակ: Դրա համար մենք պետք է փնտրենք և գտնենք ուղղակի կամ անուղղակի մրցակիցներին:
Որոնման համար գոյություն ունեն տարբեր մեթոդներ՝ հարցում կատարել տվյալ շուկայում, օգտվել հրապարակված վարկանիշային աղյուսակներից, հոդվածներ տվյալ շուկայում, դիմել google-ի օգնությանը:
Մրցակիցներին կարելի է բաժանել 2 խմբի՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի - նրանք են ովքեր աշխատում են նույն շուկայում, առաջարկում են նույն ապրանքը/ծառայությունը/, ինչ-որ դուք: Անուղղակի մրցակիցները նրանք են, ովքեր շուկային առաջարկում ձեր ունեցածի մի մասը, կամ բավարարում են ձեր հաճախորդների պահանջների մի մասը, այսինքն անուղղակի կերպով փոքրացնում են ձեր եկամուտները:


Եզրակացություն
Անցնելով այս փուլերի վրայով, և հստակ հասկանալով կայքի նպատակները, հասկանալով ինչքանով է նպատակային լսարանը ճիշտ ընտրված, կարելի է ասել, որ ձեր կայքը կունենա մեծ հաջողություն: Կայքի նախագծումը կայքերի պատրաստման առաջին քայլն է: